Տեղեկատվություն ստանալու հարցման կարգ
Ինչպե՞ս ստանալ տեղեկություն
Տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:
Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը
Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:
Ովքե՞ր կարող են դիմել տեղեկություն ստանալու համար
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Օտարերկրացիները «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
Ե՞րբ կարող է սահմանափակվել տեղեկատվության ազատությունը
Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
Ի՞նչ կարգով է իրականացվում տեղեկատվության տրամադրումը
Տեղեկությունները տրամադրվում են հարցման միջոցով՝ տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա: Գրավոր հարցման մեջ նշվում են դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։
Ե՞րբ պատասխան չի տրվում գրավոր հարցմանը
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե.
- դա չի պարունակում դիմողի վերաբերյալ պահանջվող տվյալները.
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է՝ բացառությամբ այն դեպքի, երբ տրամադրվել է ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն։
Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում՝
-եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
-եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
-եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Ի՞նչ է արվում, եթե մարմինը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է
-տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը․
-եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները
Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։
Ե՞րբ և ինչպե՞ս է պատասխան տրվում բանավոր հարցմանը
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը։ Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե.
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
Ո՞ր դեպքերում կարող է մերժվել տեղեկության տրամադրումը
Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա
-պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն.
-խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
- պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ.
- բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
-խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ: Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը։ Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:
Ո՞ր դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա
-վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.
-ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.
-չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։